Փարիզն օգտագործում է Երևանին որպես
սեփական կոնյունկտուրային նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի
իշխանությունների գործողությունները՝ զինելու Ուկրաինային, իսկ այժմ արդեն՝
Հայաստանին։
«Սա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը՝ լինել ամենուր և ոչ մի պատասխանատվություն չկրել: Նրանք միլիոն հնարավորություններ ունեին հակամարտությունները լուծելու համար, դրանցից մեկն էլ նույն Մինսկի համաձայնագրերն էին: Հետո մենք իմացանք, որ դա եղել է սոսկ շղարշ»,- ասել է Զախարովան:
Անդրադառնալով
կովկասյան տարածաշրջանին՝ Զախարովան ընդգծել է, որ կա խաղաղության ծրագիր,
իրավիճակի կարգավորման քայլ առ քայլ ճանապարհային քարտեզ, տնտեսական և հումանիտար
հնարավորությունների բացում, տրանսպորտային լոգիստիկայի կառուցում, և այդ ամենը
ներառված է Երևանի, Բաքվի և Մոսկվայի կողմից ձեռք բերված համապատասխան
պայմանավորվածություններում։
Զախարովան կարծում
է, որ Փարիզի հռետորաբանությունն ուղղված է ոչ թե խաղաղ կարգավորմանը, այլ
հակամարտության պոտենցիալը բորբոքելուն։ Միաժամանակ նա վստահ է, որ Ֆրանսիայի
իշխանությունները դրանից հետո պատասխանատվություն չեն կրի, և կտառապեն խաղաղ
մարդիկ։